Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինական գործընթացը փակուղի է մտնում. Վենսը պատմել է` ինչու է Թրամփը զանգելու Պուտինին

ՌԴ և ԱՄՆ նախագահների զրույցը կկայանա այսօր` Մոսկվայի ժամանակով 17:00-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այսօր հայտարարել է, որ ուկրաինական խաղաղ գործընթացը փակուղի է մտնում, և հենց այդ պատճառով էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նրա խոսքերը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Մեզ թվում է, որ մենք փակուղի ենք մտնում, ուստի նախագահը (Թրամփը– խմբ.) հեռախոսով կխոսի նրա հետ»,- լրագրողներին ասել է Վենսը:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինային առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները։ Նա չէր բացառել, որ համապատասխան բանակցությունների ընթացքում կողմերը կարող են համաձայնության գալ հրադադարի վերաբերյալ։
Մայիսի 16-ին Ստամբուլում ռուս–ուկրաինական բանակցություններ անցկացվեցին, որոնց ներկա էր նաև թուրքական կողմը։ Շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ իրենք գոհ են բանակցությունների արդյունքից, պայմանավորվել են, որ յուրաքանչյուր կողմը մանրամասն կներկայացնի հրադադարի պայմանների իր տեսլականը, դրանից հետո բանակցությունները կշարունակվեն։Հանդիպման ընթացքում պայմանավորվել են նաև մոտակա օրերին գերիների փոխանակում իրականացնել «1000–ը 1000–ի դիմաց» բանաձևով։
Թրամփը մայիսի 17-ին հայտարարել էր, որ մայիսի 19-ին մտադիր է հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ: