ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է հավատարիմ մնալ Գրենլանդիան Միացյալ Նահանգներին ցանկացած եղանակով միացնելու անհրաժեշտության գաղափարին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լիվիտը:
«Նախագահը Արկտիկայում Գրենլանդիայի ռազմավարական նպատակների վերաբերյալ իր կարծիքը չի փոխել: Եվ նա հավատարիմ է Գրենլանդիան ցանկացած միջոցով ստանալու գաղափարին` տարածաշրջանում ազգային անվտանգության սեփական շահերն առաջ մղելու համար», - ասել է ամերիկացի առաջնորդի պաշտոնական ներկայացուցիչը։
Թրամփը բազմիցս հայտարարել է, որ Գրենլանդիան պետք է միանա ԱՄՆ–ին։ Գրենլանդիան մինչև 1953 թվականը Դանիայի գաղութն էր։ Այսօր այն թագավորության կազմում է, բայց 2009 թվականից ունի լայն ինքնավարություն` ներառյալ ինքնակառավարման և ներքին հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելու իրավունք:
Հունվարին անցկացված հարցումը ցույց է տվել, որ Գրենլանդիայի բնակչության միայն 6%-ն է կողմ Միացյալ Նահանգների կազմում ընդգրկվելուն: