Պուտինն ու Թրամփը քննարկել են քաղաքացիներին 9-ը 9-ի դիմաց բանաձևով փոխանակելու ծրագիրը

Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը
Պուտինի և Թրամփի զրույցը բավական երկար է տևել՝ 2 ժամ 5 րոպե։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը քննարկել են երկու երկրների քաղաքացիներին 9-ը 9-ի դիմաց բանաձևով փոխանակելու ծրագրերը։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Մասնավորապես (Թրամփի հետ հեռախոսազրույցում) հիշատակվել են երկու երկրների կալանավորված քաղաքացիների փոխանակումները։ Սա կարևոր մարդասիրական ակցիա է։ Մի քանի նմանատիպ ակցիաներ արդեն իրականացվել են վերջին ամիսների ընթացքում։ Եվ նախագահները նշել են, որ այժմ մշակվում է հերթական նման փոխանակումը 9-ը 9-ի դիմաց բանաձևով»,-ասել է նա լրագրողներին։
Ուշակովը հստակեցրել է, որ երկու առաջնորդների զրույցը եղել է անկեղծ և կառուցողական, փոխադարձ հարգալից միջավայրում: Առաջնորդները քննարկել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների վիճակը, կողմ են արտահայտվել դրանց հետագա կարգավորմանը, պայմանավորվել են շարունակել երկխոսությունը բոլոր հարցերի շուրջ, այդ թվում՝ Ուկրաինայի։ Թրամփը Ռուսաստանին տեսնում է ԱՄՆ-ի կարևորագույն գործընկերների թվում:
«Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի մասին հնարավոր պայմանավորվածության հասնելու ժամկետների մասին խոսք չի եղել»,- նշել է ՌԴ նախագահի օգնականը:
Երկու տերությունների առաջնորդները, նրա խոսքով, չեն բացառում անձնական հանդիպման հնարավորությունը, տեղն ու ժամկետները դեռ որոշված չեն:
Ի դեպ, զրույցի սկզբում Պուտինը շնորհավորել է Թրամփին 11-րդ թոռան ծննդյան կապակցությամբ՝ առողջություն մաղթելով նորածնին և ԱՄՆ առաջնորդի դստերը:
Հիշեցնենք` Պուտինն ու Թրամփն այսօր զրուցել են հեռախոսով։ ՌԴ նախագահը զրույցը որակել է բովանդակալից, անկեղծ և շատ օգտակար:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ դառնալուց հետո Թրամփն ու Պուտինը մինչ այս երկու անգամ էին զրուցել հեռախոսով։ Առաջին զրույցը տեղի էր ունեցել փետրվարի 12–ին, երկրորդը՝ մարտի 18-ին։ Երկու դեպքում էլ պետությունների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, քննարկել էին ուկրաինական հակամարտության կարգավորումը։
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի հետ զրույցը շատ լավ է անցել. նա գրառում է արել սոցցանցում