Կրեմլը հայտնել է` երբ կկայանա Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը

Ավելի վաղ զրույցի մասին հայտարարել էր ԱՄՆ նախագահը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. Ստամբուլում կայացած բանակցությունների ֆոնին կարևոր կլինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկա զրույցը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա տեղեկացրել է, որ հեռախոսազրույցը նախատեսված է այսօր՝ Մոսկվայի ժամանակով ժամը 17: 00-ին (Երևանի ժամանակով՝ ժամը 18:00):
«Ժամը հինգին տեղի կունենա հեռախոսազրույց։ Թրամփը նախօրեին դա արդեն հայտարարել էր։ Բնականաբար, զրույցը կարևոր է՝ հաշվի առնելով Ստամբուլում տեղի ունեցած բանակցությունները»,-լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը կախված է առաջնորդների անձնական պայմանավորվածություններից, և այդ հանդիպումը պետք է լավ նախապատրաստված լինի:
«Կախված նրանից, թե ինչ ժամկետներ կնշանակեն, արդեն թիմերը կհարմարվեն դրան։ Ամեն դեպքում, մեր կարծիքով, իհարկե, հանդիպումը պետք է արդյունավետ լինի։ Բայց արդյունավետ լինելու համար այն պետք է լավ նախապատրաստված լինի», - ասել է նա։
Թրամփը, ԱՄՆ նախագահի պաշտոնը երկրորդ անգամ ստանձնելուց հետո Պուտինի հետ արդեն երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել։ Առաջին զրույցը տեղի է ունեցել փետրվարի 12-ին, երկրորդը՝ մարտի 18-ին։ Երկու դեպքում էլ պետությունների ղեկավարները քննարկել են նաև Ուկրաինայում հակամարտության կարգավորումը։