ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 2026 և 2027 թվականների առաջարկվող բյուջեն կրճատվել է 21 տոկոսով՝ պայմանավորված կազմակերպությունից ԱՄՆ-ի դուրս գալով: Այս մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը՝ ելույթ ունենալով առողջապահության գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բացմանը:
«Այս շաբաթ դուք դիտարկելու եք 2026-2027 թվականների կրճատված բյուջեն՝ 4,2 միլիարդ դոլար։ Դա 21 տոկոսով պակաս է նախապես առաջարկվող 5,3 միլիարդ դոլար բյուջեից»,-նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նա հավելել է, որ առկա ռեսուրսները հաշվի առնելով՝ կազմակերպությունը չի կարողանա անել այն ամենը, ինչ նրանից պահանջում են անդամ պետությունները։
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ հաստիքների կրճատումը կազդի բոլոր մակարդակների և տարածաշրջանների վրա, այդ թվում՝ Ժնևի կենտրոնակայանի բարձրագույն ղեկավարության վրա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել ԱՀԿ-ից երկրի դուրս գալու մասին: Նոր վարչակազմը կարծում է, որ ԱՀԿ-ն բավականաչափ արդյունավետ չէ, քաղաքական ազդեցության տակ է և ԱՄՆ-ից չափազանց մեծ ֆինանսավորում է պահանջում: