ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Պորտուգալիան մտադիր է դիմել Եվրահանձնաժողովին՝ ապրիլին Պիրենեյան թերակղզում տեղի ունեցած զանգվածային բլեքաութից հետո Իսպանիային էլեկտրաէներգիայի մատակարարման անբավարար ծավալների պատճառով Ֆրանսիայի վրա ճնշում գործադրելու նպատակով: Այս մասին գրում է Financial Times-ը՝ վկայակոչելով Պորտուգալիայի էներգետիկայի նախարար Մարիա դա Գրասա Կարվալյուին։
Լիսաբոնը պնդում է, որ Ֆրանսիայի կողմից նոր էլեկտրահաղորդման գծերի կառուցման ուշացումները թուլացրել են տարածաշրջանի էներգետիկ կայունությունը:
«Պորտուգալիան մտադիր է այդ հարցը բարձրացնել Եվրահանձնաժողովի մակարդակով ՝ ընդգծելով, որ Ֆրանսիայի էներգահամակարգերի հետ թույլ ինտեգրումը Պիրենեյան թերակղզին խոցելի է դարձրել»,- մեջբերում է պարբերականը նախարարի հայտարարությունը:
Կարվալյուն նշել է, որ Ֆրանսիայի և Իսպանիայի միջև սահմանափակ անդրսահմանային կապերը խոչընդոտներ են ստեղծում Եվրամիության ներքին էներգետիկ շուկայում Պորտուգալիայի լիարժեք մասնակցության համար:
Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումը տեղի է ունեցել ապրիլի 28-ին և ընդգրկել է Իսպանիայի գրեթե ողջ տարածքը: Խափանումը ազդել է նաև Պորտուգալիայի, Ֆրանսիայի և Անդորրայի վրա: Դադարեցվել են երկաթուղային փոխադրումները, խաթարվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը, չեն գործել լուսացույցները, սուպերմարկետներում հերթեր են գոյացել, իսկ մարդկանց ստիպված են եղել տարհանել արգելափակված վերելակներից։ Իսպանիայի բոլոր ատոմակայանները տեղափոխվել են անվտանգ ռեժիմ: Դեպքի պատճառները պարզվում են։