ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Հռոմի պապ Լևոն XIV-ին հանձնվել են Հռոմի քահանայապետի գերագույն իշխանության խորհրդանիշները՝ Ձկնորսի մատանին և օմոֆորը (pallio) Սուրբ Պետրոսի հրապարակում ընթացող երդմնակալության պատարագի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը:
Վատիկանում հանդիսավոր ծառայությունը սկսվել է նրանից, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը Արևելյան կաթոլիկ եկեղեցիների պատրիարքների ուղեկցությամբ իջել է Սուրբ Պետրոսի տաճարի դամբարան, որտեղ ծնկի է իջել և աղոթել Հռոմի առաջին եպիսկոպոսի մասունքների մոտ։
Արարողության ընթացքում նրան հանձնվել են Հռոմի քահանայապետի գերագույն իշխանության խորհրդանիշները՝ Ձկնորսի մատանին և օմոֆորը (palio): Առաքյալի պատկերով ոսկե մատանին պոնտիֆիկոսին հանձնել է ավետարանացման դիկաստերիայի պրոպրեֆեկտ, ֆիլիպինցի Լուիս Անտոնիո Տագլեն: «Ձկնորսի մատանու» հանձնումը խորհրդանշում է Հռոմի պապի նշանադրությունը Եկեղեցու հետ:
Նոր քահանայապետին կարմիր խաչերով սպիտակ օմոֆոր է հագցրել Հռոմի կաթոլիկ եկեղեցու կարդինալ-պրոտոդիակոն Դոմինիկ Մամբերտին, որը մեկ շաբաթ առաջ հայտարարել էր կոնկլավի մասնակից կարդինալների հաջող քվեարկության մասին: Ոչխարի բուրդից պատրաստված օմոֆորը մոլորված ոչխարի խորհրդանիշն է, որը բարի հովիվն իր ուսերին բերել է տուն, այսինքն՝ Քրիստոսի կողմից մարդկային ցեղի փրկության խորհրդանիշ: Օմոֆորը կրող պապը մարմնավորում է բարի հովվին։
Գահակալության արարողությունը փոխարինել է թագադրման ակտը, որը վերջին անգամ կատարվել է Վատիկանում 1963-ին՝ Հռոմի պապ Պողոս VI-ի առաքելական գահ բարձրանալու ժամանակ, որը հետագայում իր թագը (եռակի պապական թագը) նվիրաբերել է աղքատների օգտին։ Այդ ժամանակից ի վեր պոնտիֆիկոսները թագի փոխարեն օգտագործում են եպիսկոպոսական միտրա, իսկ նրանց իշխանության խորհրդանիշներն են «Ձկնորսի մատանին» և օմոֆորը։
Գահակալությանը մասնակցելու համար Իտալիա են ժամանել տարբեր պետությունների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Ի տարբերություն Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության, որի ժամանակ ԱՄՆ-ը ներկայացնում էր նախագահ Դոնալդ Թրամփը, գահակալության արարողությանը ժամանել են ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Արտասահմանյան այլ առաջնորդների շարքում պատարագին ներկա են Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը, Պերուի նախագահը, Բելգիայի թագավոր Ֆիլիպը, Նիդեռլանդների թագուհի Մաքսիման և երկրի վարչապետ Դիկ Սխոֆը, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին և նախագահ Սերջո Մատարելան, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Եպիսկոպոսների գործերով դիկաստերիայի պրեֆեկտ, 69-ամյա Ռոբերտ Ֆրենսիս Պրևոն ընտրվել է Հռոմի 267-րդ պապ մայիսի 7-ին և 8-ին Վատիկանի Սիքստինյան մատուռում տեղի ունեցած կոնկլավի ժամանակ: Առաջին անգամ Հռոմի կաթոլիկ եկեղեցին գլխավորել է ԱՄՆ-ում ծնված մարդ։