Մեսսին և Յամալը կհանդիպեն խաղադաշտում. ՖԻՖԱ-ն սկսել է պատրաստվել Ֆինալիսիմային

Ֆինալիսիմայում կհանդիպեն Արգենտինան և Իսպանիան՝ որպես Հարավային Ամերիկայի և Եվրոպայի չեմպիոններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. ՖԻՖԱ-ն անցկացրել է իր առաջին կազմակերպչական նիստը՝ Ֆինալիսիմային՝ Հարավային Ամերիկայի և Եվրոպայի չեմպիոնների (Արգենտինա և Իսպանիա) միջև խաղին նախապատրաստվելու համար:
Արգենտինայի և Իսպանիայի ֆուտբոլային ֆեդերացիաների, ինչպես նաև ՈւԵՖԱ-ի և ԿՈՆՄԵԲՈԼԻ (Ամերիկայի ֆուտբոլի ֆեդերացիա) ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել Պարագվայի մայրաքաղաք Ասունսիոնում ՖԻՖԱ-ի 75-րդ կոնգրեսի շրջանակներում: Քննարկվել են հանդիպման անցկացման ամսաթիվը և այլ մանրամասներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրոպայի և Հարավային Ամերիկայի չեմպիոնների միջև հանդիպումներն անցկացվել են ընդամենը երեք անգամ: Դրանցից առաջին երկուսն անցկացվել են որպես Արտեմիո Ֆրանկայի գավաթի խաղարկություն։ 1985-ին Ֆրանսիան հաղթել է Ուրուգվային (2:0), 1993-ին՝ Արգենտինան հաղթել է Դանիային (1:1, 11 մետրանոցներով՝ 5:4): Երկար դադարից հետո Ֆինալիսիմա անվանումով նման հանդիպում տեղի է ունեցել 2022-ին՝ Արգենտինայի և Իտալիայի հավաքականների միջև (3:0):
Նշենք, որ եզրափակիչ փուլում առաջին անգամ կարող են հանդիպել Լիոնել Մեսսին և Լամին Յամալը: Այս կապակցությամբ Մեսսիի և փոքրիկ Լամին Յամալի լուսանկարները, որոնք արվել են 2000-ականների վերջին, կրկին տարածվել են համացանցում։ Երկրպագուների համար նախատեսված «Բարսելոնա» օրացույցի նկարահանումների համար Մեսսին այցելել էր Յամալների տուն և գրկում պահել փոքրիկ Լամինին։