ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 19-ին հեռախոսազրույց է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թրամփն այդ մասին հայտնել է truthsocial.com-ում։
ԱՄՆ նախագահը նշել է, որ հեռախոսազրույցը կայանալու է առավոտյան 10։00-ին։
«Զրույցի թեման կլինի «արյունահեղության» դադարեցումը, որը շաբաթական միջինում սպանում է ավելի քան 5000 ռուս և ուկրաինացի զինվորների, ինչպես նաև առևտուրը»,- գրել է Թրամփը։
Նա հավելել է, որ դրանից հետո խոսելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, ապա ՆԱՏՕ-ի տարբեր անդամների հետ։
ԱՄՆ նախագահը հույս է հայտնել, որ օրը կլինի արդյունավետ, կհաստատվի զինադադար, և կավարտվի այն պատերազմը, որ երբևէ չպետք է լիներ։
Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինային առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները։ Նա չէր բացառել, որ համապատասխան բանակցությունների ընթացքում կողմերը կարող են համաձայնության գալ հրադադարի վերաբերյալ։
Մայիսի 16-ին Ստամբուլում ռուս–ուկրաինական բանակցություններ անցկացվեցին, որոնց ներկա էր նաև թուրքական կողմը։ Շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ իրենք գոհ են բանակցությունների արդյունքից, պայմանավորվել են, որ յուրաքանչյուր կողմը մանրամասն կներկայացնի հրադադարի պայմանների իր տեսլականը, դրանից հետո բանակցությունները կշարունակվեն։Հանդիպման ընթացքում պայմանավորվել են նաև մոտակա օրերին գերիների փոխանակում իրականացնել «1000–ը 1000–ի դիմաց» բանաձևով։