ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով վերջին մեկ օրում ավելի քան 150 մարդ է զոհվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով անկլավի առողջապահության նախարարությանը։
«Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 153 զոհի մարմիններ և 459 տուժած»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Նախարարության տվյալներով՝ մարտի 18-ից ի վեր, երբ Իսրայելը վերսկսեց գնդակոծությունները, Գազայում զոհվել է ավելի քան 3 հազար մարդ, վիրավորվել՝ ավելի քան 8,6 հազարը:
Հիշեցնենք` Իսրայելը գրեթե երկու ամիս հրադադարից հետո մարտի 18-ի գիշերը վերսկսեց ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Հրեական պետության իշխանությունները հայտարարեցին, որ պատճառը ՀԱՄԱՍ շարժման դիրքորոշումն է, որը հրաժարվել է ընդունել հրադադարի երկարաձգման ամերիկյան ծրագիրը և ազատ արձակել իսրայելցի պատանդներին:
Պաղեստինյան կողմն իր հերթին Իսրայելին մեղադրեց ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու, պատերազմը վերջնականապես դադարեցնելու և զորքերը Գազայից դուրս բերելու շուրջ բանակցություններից հրաժարվելու համար։