Անկարան ջանքեր կգործադրի, որպեսզի ռուս–ուկրաինական բանակցությունները շարունակվեն. Էրդողան

Ռեջեփ Թայիփ Էրդողան
Ռուս–ուկրաինական բանակցությունները Ստամբուլում անցկացվել են մայիսի 16-ին և գրեթե 2 ժամ տևել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Թուրքիան ջանքեր կգործադրի ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների շարունակման համար։ Այս մասին լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք բոլոր ջանքերը կգործադրենք կողմերի միջև բանակցությունները շարունակելու և նրանց միջև երկխոսության ուղիները բաց պահելու համար․․․ Մեր գլխավոր երազանքը հստակ արդյունք ստանալն է»,-Ալբանիայից վերադառնալուց հետո հայտարարել է Էրդողանը։
Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինային առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները։ Նա չէր բացառել, որ համապատասխան բանակցությունների ընթացքում կողմերը կարող են համաձայնության գալ հրադադարի վերաբերյալ։
Մայիսի 16-ին Ստամբուլում ռուս–ուկրաինական բանակցություններ անցկացվեցին, որոնց ներկա էր նաև թուրքական կողմը։ Շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ իրենք գոհ են բանակցությունների արդյունքից, պայմանավորվել են, որ յուրաքանչյուր կողմը մանրամասն կներկայացնի հրադադարի պայմանների իր տեսլականը, դրանից հետո բանակցությունները կշարունակվեն։Հանդիպման ընթացքում պայմանավորվել են նաև մոտակա օրերին գերիների փոխանակում իրականացնել «1000–ը 1000–ի դիմաց» բանաձևով։