ԱՄՆ–ն մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները. Էրդողան

Թուրքիայի նախագահ
Էրդողանը նշել է, որ Թրամփի հետ ավելի բաց և կառուցողական կապ է հաստատել, քան ամերիկյան նախորդ վարչակազմի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի դեմ ռուսական С-400 համալիրների գնումից հետո սահմանված պատժամիջոցները: Այս մասին լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Հանգիստ կարող ենք ասել, որ խոսքը CAATSA-ի պատժամիջոցների (որոնք սահմանվել են «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի համաձայն. խմբ.) մեղմացման մասին է: Մենք հանդիպել և քննարկել ենք նախագահ Թրամփի և ԱՄՆ նոր դեսպան Թոմ Բարակի հետ։ Կարծում եմ, որ հիմա մենք ավելի արագ կանցնենք CAATSA-ի հետ կապված այս գործընթացը։ Մեր՝ ՆԱՏՕ-ի երկու խոշորագույն անդամների միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության համար որևէ սահմանափակում և խոչընդոտ չի կարող լինել»,-ասել է նա։
Էրդողանը նշել է, որ Թրամփի հետ ավելի բաց և կառուցողական կապ է հաստատել, քան ԱՄՆ նախորդ վարչակազմի:
Հիշեցնենք` 2017-ին Թուրքիան Ռուսաստանի հետ С-400 գնդային լրակազմի մատակարարման պայմանագիր կնքեց և դրանք ստացավ 2019-ին: ԱՄՆ-ն պահանջեց հրաժարվել ռուսական համակարգերից՝ հօգուտ «Patriot»-ի, սակայն Անկարան չհամաձայնեց։ Դրանից հետո Վաշինգտոնը Թուրքիային դուրս թողեց F-35 նորագույն կործանիչների մատակարարման ծրագրից և պատժամիջոցներ սահմանեց պաշտպանական-արդյունաբերական համալիրի ղեկավարների դեմ՝ CAATSA («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին») օրենքի համաձայն: ԱՄՆ-ն նաև չեղյալ հայտարարեց F-35-ների վերաբերյալ Թուրքիայի հետ համատեղ հուշագիրը։
Անկարան ջանքեր կգործադրի, որպեսզի ռուս–ուկրաինական բանակցությունները շարունակվեն. Էրդողան