ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik․ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքել է մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, թե հեռուստաընկերությունը փակվում է։
Նշենք, որ դեռևս ապրիլի 30-ին Եսայանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում էր արել ու նշել, որ բովանդակային և ծրագրային թարմացման, տեխնիկական վերազինման աշխատանքների իրականացման համար ժամանակավորապես կդադարեցվի «Երկիր մեդիա» հեռուստաընկերության ծրագրերի հեռարձակումը։
«Հեռուստաընկերության բովանդակային կոնցեպտի մշակումը բավականին ժամանակատար աշխատանք է։ 1 օրում կամ 1 շաբաթում հնարավոր չէ դա իրականացնել։ Այժմ աշխատանքային խումբ ենք ստեղծել, որն ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ։ Ծրագրերի հեռարձակման վերսկսման կոնկրետ ժամկետներ դեռ չկան»,–ասաց Եսայանը։
Նա նաև հերքեց մամուլում տարածված լուրերը, թե հեռուստաընկերությունը ֆինանսական խնդիրներ ունի։
Եսայանը ընդգծեց, որ ֆինանսական որևէ պարտավորություն չունեն, բացի ընթացիկ գործունեության հետ կապված ֆինանսական հարցերից։