ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովին նշանակել է Ստամբուլում ՌԴ-ի հետ բանակցություններում Կիևի պատվիրակության ղեկավար:
Զելենսկին Անկարայում իր թուրք գործընկերոջ հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ ինքը Ստամբուլ չի մեկնի:
Նրա խոսքով՝ բանակցություններում քննարկման գլխավոր հարցը հրադադարն է։ Միևնույն ժամանակ, նա ակնարկել է, որ Ստամբուլում ՌԴ-ի հետ բանակցությունները կարող են շարունակվել նաև վաղը: Նախատեսված են նաև հանդիպումներ ամերիկյան պատվիրակության հետ:
Լրագրողները նրան հարցրել են՝ եթե Ռուսաստանը չհամաձայնի հրադադարին, արդյոք դա կնշանակի՞, որ բանակցությունները ձախողվել են և այդքանով ավարտվել։ Զելենսկին ուղղակիորեն չի պատասխանել այս հարցին՝ հավելելով միայն, որ «անվերապահ հրադադարը խաղաղության առաջին քայլն է»։
Նա նաև մի շարք կտրուկ հայտարարություններ է արել՝ մասնավորապես ասելով, որ Կիևը չի գնա Ղրիմն ու ՌԴ-ին միացված նոր տարածքները ռուսական ճանաչելու իրավական ճանապարհով։
Զելենսկին կոչ է արել ԱՄՆ-ին, ԵՄ-ին և գլոբալ հարավի երկրներին «ավելի կոշտ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե Ռուսաստանը ռազմական գործողություններն ավարտելու իրական պատրաստակամություն չցուցադրի»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ առաջարկել է Ուկրաինային՝ մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները: Ռուսաստանի նախագահը չի բացառել, որ համապատասխան բանակցությունների ընթացքում կողմերը կկարողանան հրադադարի մասին համաձայնության գալ:
Ռուսական պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակության կազմում են՝ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը: