Թրամփը հայտարարել է, որ հակամարտությունը չի լուծվի առանց Պուտինի հետ իր անձնական հանդիպման

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ հակամարտությունը պետք է հնարավորինս շուտ կարգավորվի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության լուծումը մեռյալ կետից չի շարժվի առանց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր անձնական հանդիպման: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ոչինչ տեղի չի ունենա, քանի դեռ մենք Պուտինի հետ չենք հանդիպել։ Ակնհայտ է, որ նա պատրաստվում էր գնալ (Թուրքիա – խմբ.), կարծում էր, որ ես նույնպես այնտեղ կլինեմ: Բայց եթե ես չգնամ, նա նույնպես չի գնա», - նախագահական ինքնաթիռում լրագրողներին ասել է Թրամփը։
Պատասխանելով Թուրքիայի բանակցություններում ռուսական պատվիրակության մասին հարցին՝ նա ընդգծել է. «Ես հիասթափված չեմ։ Ես նույնիսկ չեմ ստուգել: Ինչու՞ ես պետք է հոգ տանեմ դրա մասին: Մենք հենց նոր 4 տրիլիոն դոլարի ներդրում ենք ապահովել, իսկ դուք հարցնում եք պատվիրակության մասին»։
Թրամփը հավելել է, որ հակամարտությունը պետք է հնարավորինս շուտ կարգավորվի:
«Չափազանց շատ մարդիկ են զոհվում», - ամփոփել է ԱՄՆ նախագահը:
Հիշեցնենք` Թուրքիայում այսօր նախատեսվում է բանակցություններ անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև։
Ռուսական պատվիրակությունն արդեն Ստամբուլում է, այն գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակության կազմում են նաև ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը:
Ստամբուլում է նաև Ուկրաինայի պատվիրակությունը, որը գլխավորում է նախագահ Վլադիմիր Զելենսկին։