ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik․ Խաշթառակում իր մանկահասակ երեխաներին բռնության ենթարկած կինը հղի է և չի ներկայանում դատարան։ Այս մասին գրում է «Հետքը»։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ծեծի հետևանքով ծանր վիճակում հայտնված երկու երեխա տեղափոխվել էին Երևանի բժշկական կենտրոններից մեկը։ Նրանցից մեկը՝ 6-ամյա երեխան, ավելի ուշ մահացավ։ Երեխաներին ծեծելու կասկածանքով ձերբակալվեց նրանց պապը՝ 57-ամյա Սամվել Հակոբջանյանը։ Մեղադրանք առաջադրվեց նաև Սամվելի դստերը՝ 28–ամյա Մարիաննա Հակոբջանյանին, որը մահացած երեխայի հորաքույրն է ու մյուս ծեծված երեխայի մայրը։
2020թ․ օգոստոսի 18-ին տեղի ունեցած ողբերգությունը ցնցել էր հայ հասարակությանը։ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղից Երևանի հիվանդանոցներ տեղափոխվեցին 1-9 տարեկան 7 երեխաներ։ Նրանցից 6-ամյա Սերգեյ Հակոբջանյանը, գիտակցության չգալով, մահացավ։ Պարզվեց, որ երեխաներին ֆիզիկական բռնության են ենթարկել նրանց պապը՝ Սամվել Հակոբջանյանը և նրա դուստրը՝ Մարիաննա Հակոբջանյանը։ Հիվանդանոց տեղափոխված 7 երեխաներից 5-ի մայրը Մարիաննա Հակոբջանյանն է, 2-ը նրա եղբոր երեխաներն էին։ Մահացած երեխան եղբոր երեխաներից մեկն էր, հիվանդանոցում մկնդեղի թունավորումից մահացավ նաև մահացած երեխայի մայրը։
Խաշթառակ գյուղում մանկահասակ երեխաների նկատմամբ մոր և պապի կողմից բռնության գործադրման վերաբերյալ քրեական գործը 2023թ․ ապրիլից քննվում է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։
«Մոտ 5 տարի առաջ տեղի ունեցած այս ողբերգական դեպքի քննությունը, չնայած հանրային լայն հնչեղությանը, իրավապահ մարմինները չէին շտապում ավարտել։ Չի շտապում նաև դատարանը»,–գրում է պարբերականը։
2 տարի և 2 ամիս ընթացող դատաքննությունը դեռևս լսումների փուլում է։ Առաջին դատական նիստը նշանակվել է 2023թ․ ապրիլի 5-ին, և մինչ օրս 26 նիստ է նշանակվել։ Մայիսի 13-ին հերթական նիստն էր նշանակվել, որն էլ հետաձգվել է մեղադրյալներից Մարիաննա Հակոբջանյանի դատարան չներկայանալու պատճառով։ Նա պետք է հարցաքննվեր, սակայն 28 շաբաթական հղի է և Երևանում է։
Մեղադրյալներից Սամվել Հակոբջանյանն արգելանքի տակ է եղել 4 ամիս, որից հետո նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Մարիաննա Հակոբջանյանը արգելանքի տակ է գտնվել 10 ամիս, որից հետո նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Տավուշի դատարանից «Հետք»-ին տեղեկացրել են, որ Սամվել Հակոբջանյանն էլ առողջական խնդիրներ ունի և շատ հաճախ չի ներկայանում դատական նիստերին։ Դատաքննությունը տեղի է ունենում Դիլիջանի դատարանում, որպեսզի հնարավոր լինի ապահովել նրանց մասնակցությունը, բայց միշտ չէ, որ դա հաջողվում է։
Պարբերականն ընդգծում է՝ 2,2 տարի դատաքննություն է ընթանում, բայց մեղադրյալներին դեռևս չեն հարցաքննել։ Շուտով դատական նիստերին չներկայանալու պատճառ կդառնա նաև Մարիաննա Հակոբջանյանի ծննդաբերելը։