ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ–ն 2–րդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները։
Օրենսդրական փոփոխություններով կպարզեցվեն ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի փորձարկումների հետ կապված ընթացակարգերը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների մշակած այս օրինագծին կողմ քվեարկեց 56 պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցությունից երկու պատգամավոր ձեռնպահ քվեարկեց։ «Հայաստան» խմբակցությունը քվեարկությանը չմասնակցեց:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հայտարարեց, որ նման օրինագծերի ընդունումը` ներառյալ պաշտպանության ոլորտի իշխանության մյուս նախաձեռնությունները, չեն կարող փոխել Ադրբեջանին 6 մլրդ դոլարի սպառազինություն հանձնելու փաստը՝ նկատի ունենալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները, որին նա անվանեց իշխանությունը զավթած:
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը կասկածի տակ դրեց նիստերին «Պատիվ ունեմ» խմբակցության մասնակցության նպատակահարմարությունը, եթե խմբակցությունը հրաժարվում է մասնակցել առանցքային նախաձեռնությունների քննարկումներին ու քվեարկություններին:
Ընդունված փոփոխությունների համաձայն՝ պաշտպանության նախարարությունը կկարողանա ավելի պարզեցված ընթացակարգերով և ավելի սեղմ ժամկետներում ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին փոխանցել սպառազինություն և տեխնիկա՝ փորձակոնստրուկտորական աշխատանքներ և փորձարկումներ իրականացնելու համար: