ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Ռուսական պատվիրակությունը մայիսի 15-ին Ստամբուլում կսպասի ուկրաինական կողմին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իսկապես, ռուսական պատվիրակությունը մայիսի 15-ին՝ հինգշաբթի օրը, այսինքն՝ վաղը, կսպասի ուկրաինական պատվիրակությանը Ստամբուլում»,-լրագրողներին ասել է Պեսկովը:
Դրա հետ մեկտեղ Կրեմլը դեռևս չի բարձրաձայնում ռուսական պատվիրակության կազմը, որը կմասնակցի Ստամբուլի բանակցություններին:
«Ոչ, այդ առումով ոչինչ չի փոխվել։ Մենք դա կանենք, երբ նախագահից համապատասխան ցուցումներ ստանանք։ Առայժմ նման ցուցումներ չեն եղել»,-պարզաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ Ուկրաինային առաջարկել էր վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները Ստամբուլում մայիսի 15-ին: Երկրի ղեկավարը չի բացառել, որ համապատասխան բանակցությունների ընթացքում կողմերը կկարողանան հրադադարի մասին համաձայնության գալ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը տրամադրված է երկարաժամկետ խաղաղ կարգավորման ուղիների լուրջ որոնմանը: Նրա խոսքով՝ Ուկրաինայի հետ առաջարկվող բանակցությունների նպատակը հակամարտության հիմնային պատճառների վերացումն ու Ռուսաստանի շահերի ապահովումն է։