ՌԴ-ն և Ուկրաինան կարող են Ստամբուլում հանդիպումներ անցկացնել. Էրդողանի կուսակցություն

Ստամբուլը. Արխիվային լուսանկար
Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունները սպասվում են մայիսի 15-ին Թուրքիայում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունների շարունակությունը չի բացառվում։ Մեծ հավանականություն կա, որ դա հանդիպումների շարք կլինի, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (Ak Parti) արտաքին կապերի բաժնի ղեկավարի տեղակալ Իբրահիմ Խալիլ Քորքմազը։
«Միանգամայն հնարավոր է, որ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվի շարունակել գործընթացը՝ հակամարտությունն ավարտելու նպատակով։ Երկրորդ, երրորդ հանդիպում լինի: Չի կարելի բացառել, ամեն ինչ կախված կլինի (մայիսի 15-ի առաջին հանդիպման՝ խմբ․) արդյունքներից»,-ասել է գործակալության զրուցակիցը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է, որ մայիսի 15-ին Ստամբուլում կայանալիք հանդիպումը վերջինը չլինի։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ Ուկրաինային առաջարկել էր վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները Ստամբուլում մայիսի 15-ին: Երկրի ղեկավարը չէր բացառել, որ համապատասխան բանակցությունների ընթացքում կողմերը կկարողանան հրադադարի մասին համաձայնության գալ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը տրամադրված է լրջորեն երկարաժամկետ խաղաղ կարգավորման ուղիներ որոնել: Նրա խոսքով՝ Ուկրաինայի հետ առաջարկված բանակցությունների նպատակը հակամարտության առաջնային պատճառները վերացնելն է և Ռուսաստանի շահերն ապահովելը։
Ի պատասխան Վլադիմիր Զելենսկին նորից այնպիսի պայմաններ է առաջ քաշել, որոնք նախկինում արդեն անընդունելի էին համարվել Մոսկվայի կողմից։ Նա պնդում է, որ Մոսկվան մայիսի 12-ից համաձայնի լիակատար հրադադարի, և միայն դրանից հետո Կիևի ռեժիմը պատրաստ կլինի բանակցությունների սեղանի շուրջ նստել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կիևի իշխանություններին կոչ էր արել անհապաղ համաձայնել Թուրքիայում բանակցություններ վարելու Պուտինի առաջարկին: Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ նման բանակցություններն առնվազն կորոշեն, թե արդյոք գործարքը հնարավոր է: Ավելի ուշ Զելենսկին հայտարարել էր, որ մայիսի 15-ին Թուրքիայում կսպասի Ռուսաստանի նախագահին։