Մայիսի 9-ին Մոսկվայում մեծ շուքով նշվեց Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը, զորահանդեսին ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նույն օրը երեկոյան Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում հրապարակավ կասկածի տակ դրվեցին Մեծ Հայրենականի հետ կապված պատմական փաստերը։ Նախ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը միֆ որակեց այն, որ Ստալինգրադի ճակատամարտը Հայաստանի փրկությունն էր թուրքական ներխուժումից։ Ըստ նրա` Գերմանիան ունեցել է ծրագիր` Ստալինգրադից հետո գրավել Կովկասը, ապա Թուրքիան, ինչն էլ ենթադրելու էր միացյալ պատմական Հայաստանի ստեղծում։ Մի քանի օր անց նույն Հանրայինի եթերում որոշ փորձագետներ հայտարարեցին, թե Հայրենական մեծ պատերազմը սկսվել է Խորհրդային Միության մեղքով, և ԽՍՀՄ-ի քաղաքացիները ստիպված են կռվել։