Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա մեկ օրում երրորդ հարձակման մասին

Հութիները նշել են, որ օդանավակայանի աշխատանքն ընդհատվել է գրեթե մեկ ժամով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» (հութիներ) ռազմաքաղաքական շարժումը հայտարարել է, որ 24 ժամից էլ քիչ ժամանակում երրորդ հրթիռն է արձակել Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանի ուղղությամբ:
«Հրթիռային զորքերի որակյալ ռազմական գործողությունն ուղղված էր Լոդ (Բեն Գուրիոն) օդանավակայանին՝ գերձայնային հրթիռի օգտագործմամբ։ Լոդի օդանավակայանին ուղղված հրթիռը երրորդն է եղել 24 ժամվա ընթացքում և հաջողությամբ հասել է իր նպատակին»,-ասված է հութիների զինված ուժերի հաղորդագրության մեջ:
Միաժամանակ հութիները պնդում են, որ օդանավակայանի աշխատանքն ընդհատվել է գրեթե մեկ ժամով։
Մայիսի 13-ի երեկոյան հութիները նույնպես հայտնել էին Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա հրթիռային հարձակման մասին՝ ավիաընկերություններին նախազգուշացնելով այդ ուղղությամբ թռիչքները դադարեցնելու անհրաժեշտության մասին:
Մայիսի 6-ին հայտնի է դարձել, որ Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» (հութիներ) շիական շարժումը և ԱՄՆ-ն Օմանի Սուլթանության միջնորդությամբ պայմանավորվել են կրակի դադարեցման և միմյանց վրա ցանկացած հարձակում կանգնեցնելու մասին:
Մայիսի 7-ին «Անսար Ալլա» շարժումը հայտարարել է, որ չի խոչընդոտի օտարերկրյա նավերի անցմանը Կարմիր և Արաբական ծովերով, բացառությամբ Իսրայելի հետ կապված և Իսրայելի նավահանգիստներ ուղղվող նավերի: