ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի Sputnik. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆը և Կիտ Կելոգը կմեկնեն Ստամբուլ՝ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններին ներկա գտնվելու համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Սթիվ Ուիտկոֆը և Կիտ Կելլոգը մայիսի 15-ին կմեկնեն Ստամբուլ՝ հնարավոր բանակցություններին ներկա գտնվելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ:
CNN հեռուստաալիքի տվյալներով՝ Կելոգն ու Ուիտկոֆն առայժմ ծրագրում են սահմանափակվել Ստամբուլում ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների դիտարկմամբ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ Ուկրաինային առաջարկել էր Ստամբուլում մայիսի 15-ին վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները: Երկրի ղեկավարը չէր բացառել, որ բանակցությունների ընթացքում կողմերը կկարողանան հրադադարի մասին համաձայնության գալ:
Ի պատասխան՝ Վլադիմիր Զելենսկին կրկին առաջադրեց այնպիսի պայմաններ, որոնք արդեն անընդունելի էին համարվել Մոսկվայում։ Նա նշել էր, որ Կիևը բանակցությունների սեղանի շուրջ կնստի միայն այն դեպքում, եթե Մոսկվան համաձայնի մայիսի 12-ից լիակատար հրադադար հաստատել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կիևի իշխանություններին անհապաղ համաձայնել Թուրքիայում բանակցություններ վարելու Պուտինի առաջարկին: Նրա խոսքով՝ նման բանակցություններն առնվազն կորոշեն՝ հնարավո՞ր է արդյոք գործարքը: Ավելի ուշ Զելենսկին հայտարարել է, որ մայիսի 15–ին Թուրքիայում կսպասի Ռուսաստանի նախագահին։