ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը պաշտոնական այցով ժամանել է Տոկիո։ Սա Իսրայելի արտգործնախարարի առաջին այցն է Ճապոնիա վերջին 15 տարվա ընթացքում, ինչպես նաև առաջին այցը ներկայիս հակամարտության սկզբից ի վեր։ Այս մասին հայտնել են Իսրայելի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։
«Արտգործնախարար Գիդեոն Սաարը հենց նոր Տոկիո է ժամանել, որտեղից կմեկնարկի նրա պաշտոնական այցը Ճապոնիա։ Սա Իսրայելի արտգործնախարարի առաջին այցն է Ճապոնիա պատերազմի սկզբից ի վեր և վերջին 15 տարիների ընթացքում», – ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունից ընդգծել են, որ Ճապոնիան` աշխարհի չորրորդ խոշորագույն տնտեսությունն ու G7-ի անդամը, նշանակալի դեր է խաղում միջազգային ասպարեզում, այդ թվում՝ իրավական ոլորտում։ Հոկտեմբերի 7-ին հակամարտության սկսվելուց ի վեր Տոկիոն աջակցություն է հայտնել Իսրայելին, վերահաստատել ինքնապաշտպանության նրա իրավունքը, պատժամիջոցներ է կիրառել ՀԱՄԱՍ–ի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ և կոչ արել անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իսրայելցի պատանդներին։
Այցի ընթացքում Սաարը հանդիպումներ կունենա Ճապոնիայի կառավարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ արտգործնախարար Տակեշի Իվայայի հետ, հարցազրույցներ կտա ճապոնական լրատվամիջոցներին և ասուլիս կհրավիրի։