«Ձեռքերդ հեռու հայ արտադրողից». Հայաստանում Վրաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է

Վրացական կողմը հայկական արտադրանքը դեպի ՌԴ բաց է թողնում միայն իր տարածքում լաբորատոր ստուգման անցկացնելուց հետո, ինչը հանգեցնում է արտահանման զգալի ուշացումների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Հայաստանում ալկոհոլ արտադրողներն ու արտահանողներն այս պահին Երևանում Վրաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա են իրականացնում։ Ակցիայի մասնակիցները դժգոհում են, որ վրացական կողմը խոչընդոտներ է ստեղծում Հայաստանից Ռուսաստան բեռնատարների անցման համար ՝ պնդելով, որ լաբորատոր ստուգումներ պետք է իրականացվեն հենց Վրաստանում։ Արդյունքում մարդիկ ստիպված են մի քանի շաբաթ կանգնել հայ-վրացական սահմանի անցակետի մոտ։
Մենք վերջերս ենք գլխի ընկել, որ «շամպայնը» և «կոնյակը» աշխարհագրական անուններ են. Փաշինյան
Նման քաղաքականությունը հանգեցնում է մեծ կորուստների ինչպես արտադրողների, այնպես էլ արտահանողների և փոխադրողների համար: Այժմ մարդիկ եկել են դեսպանատան մոտ ՝ իրավիճակը պարզաբանելու և համապատասխան բացատրություններ ստանալու պահանջով։
Բողոքի ակցիա Վրաստանի դեսպանատան մոտ
«Մեկ ամիս է` ես չունեմ մեքենա, որ վրացական կողմով անցել է դեպի Ռուսաստան։ Բոլոր մեքենաները պահվել են տնտեսական գրանցման գոտում։ Մենք չունենք մեզ հուզող հարցերի պատասխանները, դրա համար էլ այսօր հավաքվել ենք այստեղ։ Այսպես չի կարող շարունակվել, մեր կառավարությունն էլ պետք է իր լծակներով ազդի ստեղծված իրավիճակի վրա»,–ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Էկոնոմիկայի նախարարությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ տեղյակ են տնտեսվարողների բարձրաձայնած հարցից։
«Այն գտնվում է մեր ուշադրության կենտրոնում, ավելին՝ ամենօրյա ինտենսիվ աշխատանքներ են տարվում հարցի համակարգային լուծման ուղղությամբ»,–հայտնեցին նախարարությունից։
Ակցիայի ընթացքում ցուցարարներին մոտեցավ դեսպանատան աշխատակիցներից մեկը և խնդրեց իրեն տրամադրել այն ընկերությունների ցանկը, որոնց ներկայացուցիչները խոչընդոտների են հանդիպում արտահանման ժամանակ։ Աշխատակիցը գրանցեց մի քանի ընկերությունների անուններ և հեռացավ։
ՀՀ կոնյակի գործարանները վարկային տարկետում կստանան` ՌԴ շուկայում առկա խնդիրների պատճառով
Չնայած դրան, ակցիայի մասնակիցները կարճ ժամանակով փակեցին դեպի դեսպանատուն տանող ճանապարհը։ Նրանք իրենց ձեռքերում պահել էին հայկական և վրացական դրոշներ, ինչպես նաև «Ձեռքերդ հեռու հայ արտադրողից» գրությամբ պաստառներ։
Նշենք, որ նախկինում համանման խնդրով նախարարությանն էին դիմել նաև ծաղիկ արտահանողները, և նախարարության գործուն ջանքերի շնորհիվ խնդիրը կարգավորվել է։