ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Եվրոպան լիովին աջակցում է Ուկրաինային և բանակցային գործընթացում չի կարող չեզոք դեր ստանձնել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով եվրոպական առաջնորդների հնարավոր մասնակցությունը բանակցություններին, որոնք կարող են տեղի ունենալ Թուրքիայում։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մեկ անգամ ևս խորհուրդ եմ տալիս կենտրոնանալ Ռուսաստանի նախագահի հայտարարության վրա։ Ինչ վերաբերում է հնարավոր բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը, ապա, քանի որ այն անվերապահորեն աջակցում է Ուկրաինային, նրա անկողմնակալության և հավասարակշռվածության մասին խոսել չի կարելի», - նշել է Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կիևին առաջարկել էր առանց նախապայմանների վերսկսել ուղիղ բանակցությունները: Առաջարկվել է հանդիպումն անցկացնել մայիսի 15-ին՝ Ստամբուլում։ Ռուսաստանի ղեկավարը չի բացառել, որ այդ երկխոսության շրջանակներում կարող է հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվել:
Պեսկովի խոսքով՝ երկարաժամկետ կարգավորման ուղիներ գտնելու հարցում Ռուսաստանը լուրջ է տրամադրված։ Առաջարկվող բանակցությունների հիմնական նպատակներն են հակամարտության պատճառների վերացումը և երկրի շահերի ապահովումը:
Ի պատասխան Մոսկվայի նախաձեռնության՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին պայմաններ է առաջադրել, որոնք նախկինում Կրեմլում արդեն անընդունելի էին համարվել: Մասնավորապես, նա պահանջել է, որ Մոսկվան մայիսի 12-ից համաձայնի լիակատար հրադադարի, և միայն այդ դեպքում Կիևը պատրաստ է երկխոսություն սկսել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել անհապաղ համաձայնել բանակցությունների առաջարկին: Նա ընդգծել է, որ գոնե այդ կերպ հնարավոր կլինի պարզել, թե սկզբունքորեն հնարավոր է, արդյոք, խաղաղության գործարքը: Ավելի ուշ Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հինգշաբթի օրը Թուրքիայում սպասել Վլադիմիր Պուտինին։