Էմին Թորոսյանին ազատել են Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնից

Թորոսյանի հետ աշխատանքային պայմանագիրը խզվել է միակողմանի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Էմին Թորոսյանն այսօրվանից դադարեցնում է պաշտոնավարումը Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնում: Այս մասին նա հայտնել է թատրոնի ֆեյսբուքյան էջում` ներկայացնելով Երևանի քաղաքապետարանից ստացած համապատասխան որոշումը։
Նա նշել է, որ իրեն աշխատանքից ազատելու համար հիմք է հանդիսացել մշակույթի վարչության պետ Գոշ Սարգսյանի «հիմնազուրկ զեկուցագիրը»` ուղղված Երևանի քաղաքապետին։
Թորոսյանի հետ աշխատանքային պայմանագիրը խզվել է միակողմանի։
Հեռանալուց առաջ նա շնորհակալություն է հայտնել թատերական մասնագիտական շրջանակներին ու թատերասեր հանրությանը, հարազատ թատրոնին, բոլոր ծառայությունների աշխատակիցներին՝ համատեղ յոթնամյա ադյունավետ գործունեության համար:
Փաշինյանը հաստատեց` պաշտոնները լքելու մասին «խնդրանքը» sms–ով է հայտնել
Նշենք, որ օրեր առաջ մամուլում լուրեր տարածվեցին, որ Էմին Թորոսյանին կազատեն Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի պաշտոնից, և քանի որ ՔՊ-ն լուրջ նպատակներ ունի թատրոնի ղեկավար կազմի փոփոխության վերաբերյալ, տնօրեն կնշանակվի դերասանուհի, Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Տաթև Հովակիմյանը։
Լրատվամիջոցների հետ զրույցում, սակայն, Հովակիմյանը նշել էր, որ չի ընդունի տնօրեն դառնալու առաջարկը և չի ցանկանում այդ թեմայով որևէ մեկնաբանություն տալ։
«Այդ տեղեկությունները տարածելը մամուլի խնդիրն է, ես կապ չունեմ։ Ես դերասանուհի եմ և որոշել եմ միշտ մնալ դերասանուհի։ Իմ դեպքում, և իմ զբաղվածությունը հաշվի առնելով, դերասանուհին չի կարող լինել տնօրեն։ Էմին Թորոսյանին էլ անձնապես չեմ ճանաչում, միայն գիտեմ, որ թատրոնի տնօրենն է»,- ասել էր Հովակիմյանը։
Հիշեցնենք, որ Էմին Թորոսյանը Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն էր նշանակվել 2019 թվականի մայիսի 17–ին։