ԵԱՏՄ-ն էլեկտրոնային տրանսպորտային ապրանքագրերի փորձնական նախագիծ կգործարկի

Էլեկտրոնային ապրանքագրերը կարագացնեն ԵԱՏՄ երկրների միջև առևտրի ժամանակ բեռների փոխադրումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միությունը միջազգային փոխադրումների համար էլեկտրոնային տրանսպորտային ապրանքագրերի փորձնական նախագիծ կգործարկի։ Որոշումն ընդունվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևի գլխավորած աշխատանքային խմբի նիստում։ Այս մասին հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։
Աշխատանքային խումբը որոշել է e-CMR փորձնական նախագծի իրականացման ժամկետները և ընթացակարգը։ Նախագիծը գործարկելու համար միության երկրները պետք է սահմանեն նման էլեկտրոնային ապրանքագրերի միասնական ձևաչափ, ինչպես նաև ապահովեն դրանց փոխադարձ ճանաչումը։
ԵՏՀ-ի գնահատականներով՝ թղթային ապրանքագրերն էլեկտրոնայինով փոխարինելը բեռնափոխադրողներին թույլ կտա խնայել մոտավորապես 5 եվրո և 19 րոպե յուրաքանչյուր պահանջվող փաստաթղթի ձևակերպման համար։
Էլեկտրոնային ապրանքագրերը կարագացնեն բեռների փոխադրումը ԵԱՏՄ երկրների միջև առևտուր անելիս։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: