200–ից ավելի լրագրող է զոհվել Գազայում հակամարտության սրացումից ի վեր. իշխանություններ

Մարտի 18-ից, երբ Իսրայելը վերսկսեց հրետակոծությունները, Գազայում զոհվել է ավելի քան 2700 մարդ, տուժել՝ ավելի քան 7600-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Գազայի հատվածի հարավում գտնվող հիվանդանոցին Իսրայելի հասցրած հարվածի հետևանքով այսօր պաղեստինցի լրագրող է զոհվել, 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայում զոհված լրագրողների ընդհանուր թիվը հասել է 215-ի։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտնել է Գազայի կառավարության մամուլի ծառայությունը։
Հայտարարության համաձայն՝ պաղեստինյան Alam24 լրատվական գործակալության տնօրեն Հասան Իսլիհը սպանվել է Խան Յունիս քաղաքում գտնվող Նասեր բժշկական համալիրի վրա իրականացրած հարձակման ժամանակ։ Նա բուժում էր ստանում մարտական գործողությունների ընթացքում ստացած վնասվածքներից հետո։
«Զոհված լրագրողների թիվը հասել է 215-ի… Կոչ ենք անում Լրագրողների միջազգային ֆեդերացիային, Արաբ լրագրողների միությանը և բոլոր երկրների լրագրողական կազմակերպություններին դատապարտել Գազայի հատվածում պաղեստինցի լրագրողների և ԶԼՄ–ների աշխատակիցների դեմ այս սիստեմատիկ հանցագործությունները», – ասվում է հայտարարության մեջ։
Գազայի հատվածի առողջապահության նախարարության տվյալներով՝ հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վրա ուղիղ հարվածի հետևանքով երկու բուժառու է զոհվել, տուժածներ կան բուժանձնակազմի և հիվանդների շրջանում։
Առողջապահության նախարարության վիճակագրության համաձայն՝ մարտի 18-ից, երբ Իսրայելը վերսկսեց հրետակոծությունները, Գազայում զոհվել է ավելի քան 2700 մարդ, տուժել` ավելի քան 7600–ը։
Մարտի 18-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է Գազայի ուղղությամբ հարվածները: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի կողմից հրադադարի ռեժիմի երկարաձգման և պատանդների ազատ արձակման ամերիկյան ծրագիրը չընդունելն է հարձակումների պատճառը։
Գազայի հատվածը միջազգային իրավունքի և մարդկային արժեքների գերեզմանոց է. Հորդանանի ԱԳՆ
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարը պաշտոնապես ավարտվել է մարտի 1-ին, սակայն Գազայի հատվածում կարգավորման շուրջ բանակցությունների կողմերին ներգրավելու միջնորդների փորձերի շնորհիվ ռազմական գործողությունները չեն վերսկսվել: Այնուամենայնիվ, Իսրայելը դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Գազայի հատվածում գտնվող աղազերծման կայան՝ փակելով նաև տարածք մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների մուտքը: