ԵՐԵՎԱՆ, մայիսի 12 – Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկությունը՝ մայիսի 15-ին Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցություններ սկսելու վերաբերյալ, հաղորդում է ռուսական դիվանագիտական գործակալությունը։
«Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի նախագահի նախաձեռնության հետ կապված հարցեր՝ մայիսի 15-ին Ստամբուլում ուկրաինական կարգավորման շուրջ ուղիղ բանակցություններ սկսելու վերաբերյալ», - ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Telegram ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Մայիսի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև և Ուկրաինային առաջարկել մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները:
Վլադիմիր Զելենսկին, այնուամենայնիվ, վերջնագրով է պատասխանել Պուտինի խաղաղ նախաձեռնությանը. նա պահանջել է, որ Մոսկվան մայիսի 12-ից լիակատար հրադադար հաստատի, ինչից հետո միայն Կիևի ռեժիմը կնստի բանակցությունների սեղանի շուրջ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կիևի իշխանություններին անհապաղ համաձայնել Պուտինի առաջարկին՝ Թուրքիայում բանակցություններ անցկացնելու վերաբերյալ։ ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ նման բանակցությունները առնվազն կպարզեն` արդյոք հնարավոր է գործարք լինի, թե ոչ։
Ավելի ուշ Զելենսկին հայտարարել է, որ հինգշաբթի ՌԴ նախագահին կսպասի Թուրքիայում։