ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի-Sputnik. Իտալացի մասնագետ Կառլո Անչելոտիին կնշանակվի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հայտնել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) նախագահ Էդնալդո Ռոդրիգեսը։
Պայմանագրի ժամկետը մինչև 2026 թվականի աշխարհի առաջնությունն է: Իտալացին Բրազիլիայի ազգային թիմը կպատրաստի հունիսի 6-ին Էկվադորի և հունիսի 11-ին Պարագվայի հավաքականների դեմ անցկացվող խաղերում:
«Կառլո Անչելոտիի նշանակումը Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում ավելին է, քան ռազմավարական քայլ։ Սա մեսիջ է աշխարհին, որ վճռական ենք պատվանդանի առաջին տեղը վերադառնալու հարցում: Նա պատմության մեջ մեծագույն մարզիչն է և այժմ գլխավորում է մոլորակի մեծագույն ազգային հավաքականը: Միասին մենք բրազիլական ֆուտբոլի համար կգրենք նոր փառահեղ էջեր», - ասել է Ռոդրիգեսը, X սոցիալական ցանցում հաղորդել է CBF-ն:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Անչելոտին Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի իր ներկայիս ակումբը՝ Մադրիդի «Ռեալը»:
Կառլո Անչելոտին 65 տարեկան է։ Նա 2021 թվականից գլխավորում է«Ռեալը», որտեղ աշխատել է նաև 2013-2015 թվականներին: Իտալացու գլխավորությամբ իսպանական ակումբը 3 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթում, 2-ական անգամ նվաճել Իսպանիայի չեմպիոնի, գավաթակրի, սուպերգավաթակրի, ինչպես նաև աշխարհի ակումբային առաջնության հաղթողի տիտղոսները: Նա Չեմպիոնների լիգայում տիտղոսների քանակով ռեկորդակիր է (երկու անգամ մրցաշարը հաղթել է իտալական «Միլանի» հետ)։
Անչելոտին ավելի վաղ գլխավորել է նաև իտալական «Ռեջանան», «Պարման», «Յուվենտուսը» և «Նապոլին», անգլիական «Չելսին» և «Էվերթոնը», ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը», գերմանական «Բավարիան»: