Հայաստանում սպասվում է սպառողական գների աճ 3 %-ի սահմաններում. ԵԱԶԲ

Ապրիլ ամսում գնաճը փոքր-ինչ նվազել է, ինչը պայմանավորված է ոչ պարենային հատվածի սննդամթերքի, ծառայությունների և ապրանքների գների դինամիկայով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Հայաստանում սպասվում է 3 %-ի սահմաններում սպառողական գների աճ, ասվում է Եվրասիական զարգացման բանկի շաբաթական մակրոտեսությունում:
Նշվում է նաև, որ մարտ ամսվա 3,3 % գնաճից հետո ապրիլ ամսում Հայաստանում գնաճը կազմել է 3,2 %։ Աճի որոշակի դանդաղումը պայմանավորված է սննդամթերքի (ապրիլ ամսում +5,2%՝ մարտ ամսվա 5,4%-ից հետո), ծառայությունների (ապրիլ ամսում +2,7%՝ մարտ ամսվա 2,9%-ից հետո) և ոչ պարենային հատվածում ապրանքների գների դինամիկայով (ապրիլ ամսում -0,5%, ինչպես մարտ ամսին)։
«Ակնկալում ենք սպառողական գների աճի պահպանում թիրախային ցուցանիշի սահմաններում (3±1%)», – ասված է բանկի հաղորդագրության մեջ:
ԵԱԶԲ-ն միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածքում: Կառույցին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը, վերջերս բանկին է միացել Ուզբեկստանը։