ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik․ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան հրկիզելու դեպքով կալանավորված կա։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստեփանյանի կնոջ ավտոմեքենան հրկիզելու դեպքով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ` ՀՀ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը):
«1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը»,–հայտնեց ՔԿ խոսնակը:
Հիշեցնենք` մայիսի 6–ին` գիշերը 4։30–ի սահմաններում, Երևանի Մկրտիչ Սեդրակյան փողոցում հրկիզել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ էլեկտրամոբիլը։ Կատարվածի մեջ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը մեղադրել էր գործող իշխանությանը։