Գազայի հատվածը միջազգային իրավունքի և մարդկային արժեքների գերեզմանոց է. Հորդանանի ԱԳՆ

Գազայի հատված. Արխիվային լուսանկար
Գազայի հատվածի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ մարտի 18-ից` Իսրայելի կողմից գնդակոծությունները սկսելուց ի վեր, Գազայում զոհվել է մոտ 3 հազար մարդ, տուժել՝ 7,5 հազարից ավելի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Գազայի հատվածը դարձել է միջազգային իրավունքի և մարդկային արժեքների գերեզմանոց։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Հորդանանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Այման աս-Սաֆադին։
«Այն, ինչ տեղի է ունենում Գազայում, մարդասիրական աղետ է բոլոր առումներով։ Գազան դարձել է ոչ միայն երեխաների, այլև միջազգային իրավունքի և մարդկային արժեքների գերեզմանոց», – ասել է աս-Սաֆադին Անկարայում Թուրքիայի և Սիրիայի ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Գազայի հատվածի առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ մարտի 18-ից՝ Իսրայելի կողմից գնդակոծությունները սկսելուց ի վեր, Գազայում զոհվել է մոտ 3 հազար մարդ, տուժել՝ 7,5 հազարից ավելին:
Մարտի 18-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է Գազայի ուղղությամբ հարվածները: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի կողմից հրադադարի ռեժիմի երկարաձգման և պատանդների ազատ արձակման ամերիկյան ծրագիրը չընդունելն է հարձակումների պատճառը։
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարը պաշտոնապես ավարտվել է մարտի 1-ին, սակայն Գազայի հատվածում կարգավորման շուրջ բանակցությունների կողմերին ներգրավելու միջնորդների փորձերի շնորհիվ ռազմական գործողությունները չեն վերսկսվել: Այնուամենայնիվ, Իսրայելը դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Գազայի հատվածում գտնվող աղազերծման կայան՝ փակելով նաև տարածք մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների մուտքը: