Ֆիդանը Ռուբիոյի հետ քննարկել է ՌԴ–ի և Ուկրաինայի բանակցային գործընթացը

Հաքան Ֆիդանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի նախագահը Ուկրաինային առաջարկել է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցություններն առանց նախապայմանների։ Իսկ ԱՄՆ առաջնորդը կոչ է արել Կիևի իշխանություններին անհապաղ ընդունել այս առաջարկը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ՝ քննարկելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հարցը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրին։
«Զրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարցեր և տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում՝ Սիրիան, Գազան և Ուկրաինան։ Ֆիդանը ընդգծել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացման կարևորությունը նրա կայունության և բարգավաճման համար։ Ընդգծվել է ԱՄՆ քաղաքացի Իդան Ալեքսանդրի ազատ արձակման կարևորությունը ՀԱՄԱՍ շարժման կողմից։ Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերաբերյալ», – հայտնել է գործակալության զրուցակիցը։
Բացի այդ, կողմերը քննարկել են Ռուբիոյի Թուրքիա կայանալիք այցի մանրամասները՝ ՆԱՏՕ-ի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում, որը տեղի կունենա Անթալիայում մայիսի 14-15-ը։
Մայիսի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունեցել ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև և Ուկրաինային առաջարկել մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները:
Ի պատասխան՝ Վլադիմիր Զելենսկին կրկին սկսել է պայմաններ առաջ քաշել, որոնք Մոսկվայում արդեն անընդունելի էին որակվել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կիևի իշխանություններին անհապաղ համաձայնել Պուտինի առաջարկին՝ Թուրքիայում բանակցություններ անցկացնելու վերաբերյալ։ ԱՄՆ առաջնորդի խոսքով՝ նման բանակցությունները առնվազն կպարզեն` արդյոք հնարավոր է գործարք լինի, թե ոչ։
Ավելի ուշ Զելենսկին հայտարարել է, որ հինգշաբթի ՌԴ նախագահին կսպասի Թուրքիայում։