Արցախցիների հանդեպ թշնամանք սերմանելու համար ՀՀ ՔԿ-ն գործ է հարուցել իշխանամետ բլոգերի դեմ

Ռոման Բաղդասարյանը պարբերաբար վիրավորական արտահայտություններ է թույլ տալիս արցախահայության հասցեին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Իշխանամետ բլոգեր Ռոման Բաղդասարյանի՝ արցախաահայության հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների և հրապարակումների կապակցությամբ Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել: Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են գերատեսչությունից։
«Քրեական գործը հարուցվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Ռոման Բաղդասարյան» օգտահաշվով ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և թշնամանք հրահրելուն և քարոզելուն ուղղված հրապարակային խոսք տարածելու` առերևույթ հանցանքի դեպքի առթիվ», - մանրամասնել են ՔԿ-ից:
ՔԿ–ից հայտնել են որ քրեական վարույթը նախաձեռնվել է ապրիլի 12–ին, քննությունը վարում է պետության դեմ ուղղված հանցագործությունների, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության քննության գլխավոր վարչությունը: Քննչական կոմիտեից միաժամանակ նշել են, որ բլոգերին այս պահին տրված չէ որևէ դատավարական կարգավիճակ:
Պայքարելու ենք բուլինգի և հասարակության մեջ անհանդուրժողականության մթնոլորտի դեմ. Մանասյան
Բաղդասարյանը հայտնի է որպես իշխող քաղաքական ուժի ակտիվ կողմնակից։ Նա բազմիցս կոշտ և նսեմացնող հայտարարություններ է արել Արցախից տեղահանված անձանց, ինչպես նաև ռազմական և քաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հասցեին ։