ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Կրճատված ժամկետով զինվորական ծառայության հնարավորություն կունենան նաև 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը` ներկայացնելով շրջանառության մեջ դրված օրենսդրական փոփոխությունների իր նախագիծը։
Նա հիշեցրեց, որ գործող օրենսդրությամբ նման հնարավորություն ունեն 27 տարեկանները և ծառայությունից խուսափած անձինք։
«Այժմ ժամկետային զինծառայողները կունենան ընտրության հնարավորություն` ծառայել և ստանալ բարձր դրամական ապահովություն, ծառայել 6 ամիս և ՀՀ պետական բյուջե վճարել 15 մլն դրամ, ինչպես նաև ծառայել մեկ ամիս և ՀՀ պետական բյուջե վճարել 20 մլն դրամ»,– տեղեկացրեց Սարգսյանը։
Պատգամավորի խոսքով` այս նախագծով փորձում են խրախուսել արական սեռի ներկայացուցիչներին` ստանալու ՀՀ քաղաքացիություն` մինչև պարտադիր զինծառայության տարիքի լրանալը` տալով հնարավորություն ծառայելու կրճատված ժամկետով կամ բյուջե վճարել սահմանված գումարը։
«Սա վերաբերում է ազգությամբ հայերին, որոնք ՀՀ քաղաքացի չեն ու ծնվել են հիմնականում Վրաստանում, ԱՄՆ–ում»,– վստահեցրեց պատգամավորը։
Սարգսյանը նշեց, որ ՀՀ պետական բյուջե վճարված այս գումարները կծառայեցվեն բանակի կարիքների համար։
Հիշեցնենք, որ 2023 թ. դեկտեմբերին ՀՀ ԱԺ–ն ընդունել էր Հայկ Սարգսյանի հեղինակած մեկ այլ` «Զինծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Օրենսդրական փոփոխություններով 27 տարին լրացած ու պարտադիր զինծառայություն չանցած զինծառայողներին հնարավորություն է տրվում անցնելու պարտադիր զինծառայություն` խուսափելով քրեական հետապնդումից ընտրելով 5 կարգավորումներից մեկը։