Թրամփը դրական է գնահատել ՌԴ նախաձեռնությունն Ուկրաինայի հարցում ․ ՌԴ սենատոր

Ալեքսեյ Պուշկովը. Արխիվային լուսանկար
Արդեն հայտնվել են համաշխարհային առաջնորդների առաջին արձագանքները մայիսի 15-ին Կիևի հետ բանակցություններ սկսելու Ռուսաստանի նախագահի առաջարկի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դրական է գնահատել Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացի վերաբերյալ Ռուսաստանի նախաձեռնությունը՝ ի տարբերություն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, իր Telegram ալիքում գրել է սենատոր, Դաշնության խորհրդի տեղեկատվական քաղաքականության և ԶԼՄ-ների հետ փոխգործակցության հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը:
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կքննարկի Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցություններ անցկացնելու հնարավորությունը: Ռուսաստանի ղեկավարը նաև Կիևին առաջարկել է, անկախ ամեն ինչից, մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցությունները՝ առանց որևէ նախապայմանի։
«Ուղիղ բանակցությունների մասին Վլադիմիր Պուտինի առաջարկին Դոնալդ Թրամփի արձագանքը բոլորովին այլ է, քան Մակրոնի արձագանքը, որը դեռ փորձում է պայմաններ թելադրել: Թրամփը դրական է գնահատել Ռուսաստանի նախաձեռնությունը՝ ի տարբերություն Մակրոնի, որն այն անվանել է «առաջին, բայց ոչ բավարար քայլ», կարծես ինքը պետք է որոշի, թե ինչն է բավարար, ինչը՝ ոչ»,- ասել է Պուշկովը։
Հիշեցնենք, որ Թրամփը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Կիևի ներկայացուցիչների հետ ուղիղ բանակցություններ սկսելուառաջարկից հետո, հայտարարել էր, որ սա կարող է պատմական օր լինել Ռուսաստանի և Ուկրաինայի համար, և խոստացել էր շարունակել աշխատանքը երկու կողմերի հետ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտարարել է, որ Պուտինի առաջարկը առաջին քայլն է, բայց դա բավարար չէ, հաղորդում է AFP-ն։ Նա պնդում է, որ Ռուսաստանի առաջնորդը, իբր, «ելք է փնտրում» և «դեռ ցանկանում է ժամանակ շահել»: