ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրադադարի ընթացքում (մայիսի 8-10-ը) Ուկրաինայի ԶՈւ-ն հրադադարը խախտել են 14 043 անգամ և Ռուսաստանի պետական սահմանով ճեղքման 5 փորձ ձեռնարկել՝ Կուրսկի և Բելգորոդի մարզերում:
Ավելի վաղ Կրեմլը հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ մայիսի 8-ի ժամը 00:00-ից մինչև մայիսի 11-ի ժամը 00:00-ն ընկած ժամանակահատվածում սահմանվում է հրադադարի ռեժիմ:
Հաղորդվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը խոցել են ուկրաինական զինված ուժերի երեք JDAM ավիառումբ և 143 անօդաչու թռչող սարք, իսկ հատուկ գործողությունների գոտուց դուրս մայիսի 8-ից ի վեր խոցվել է ևս 58 ուկրաինական ինքնաթիռային տեսակի անօդաչու թռչող սարք։
«Ռուսաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի որոշման համաձայն՝ մայիսի 8-ի կեսգիշերից մինչև մայիսի 11-ի կեսգիշերը ՀՌԳ գոտում գտնվող ռուսական զորքերի բոլոր խմբավորումները խստորեն պահպանել են հրադադարի ռեժիմը և մնացել են նախկինում գրավված գծերում և դիրքերում», - ասվում է Ռուսաստանի ՊՆ հաղորդագրության մեջ։
Ռուսական բանակը հայելային պատասխան է տվել Ուկրաինայի ԶՈւ–ի կողմից հրադադարի ռեժիմի խախտմանը։ Հրադադարի ավարտից հետո ռուսական բանակը շարունակել է հատուկ ռազմական գործողության իրականացումը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։