ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Մասկատում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային թեմայի վերաբերյալ բանակցությունների չորրորդ փուլը, X-ում հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային: Նա նշել է, որ Թեհրանը պատրաստ է շարունակել դիվանագիտական փոխգործակցությունը ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցություններում:
«Իրանը վճռականորեն տրամադրված է պաշտպանելու միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իր օրինական ու անբաժանելի իրավունքները և միևնույն ժամանակ պատրաստ է շարունակել դիվանագիտական միջամտությունը իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթն ապահովելու համար»,- գրել է Բաղային։
Նրա խոսքով՝ իրանական կողմը նաև վճռական է աշխատել ԱՄՆ-ի կողմից սահմանված անօրինական պատժամիջոցների վերացման ուղղությամբ:
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը բանակցությունները դժվար, բայց օգտակար է համարել՝ «միմյանց դիրքորոշումներն ավելի լավ հասկանալու, տարաձայնությունները վերացնելու խելամիտ և իրատեսական ուղիներ գտնելու համար»։
Հիշեցնենք, որ չորրորդ փուլը տեղի է ունեցել իրանական միջուկային ծրագրի շուրջ կողմերի երկխոսության մեկնարկից մեկ ամիս անց և երկշաբաթյա ընդմիջումից հետո՝ Մասկատի կողմից հետևողականորեն կազմակերպվող խորհրդակցությունների ընթացքում առաջացած ամենաերկար դադարից հետո։