Կրեմլը ներկայացրել է Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի մանրամասները

Կրեմլը
Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը աջակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի— Sputnik. Կրեմլը մանրամասներ է ներկայացրել Ստամբուլում ռուս–ուկրաինական բանակցությունները վերսկսելու մասին Պուտին-Էրդողան հեռախոսազրույցից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում նրանք մանրամասն քննարկել են Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությունը՝ վերսկսելու Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները, որոնք առաջարկվում է անցկացնել Ստամբուլում մայիսի 15-ից։
Հեռախոսազրույցի ընթացքում Էրդողանը աջակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությունը՝ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցություններ վարելու վերաբերյալ՝ ընդգծելով Ստամբուլի հարթակ տրամադրելու իր պատրաստակամությունը։
«Թուրքական կողմը կտրամադրի ամեն հնարավոր օգնություն՝ կայուն խաղաղության հասնելուն ուղղված բանակցությունների կազմակերպման և անցկացման գործում», - ասվում է հայտարարության մեջ։
Կողմերը նաև փոխադարձ հետաքրքրություն են հայտնել առևտրային և ներդրումային կապերի հետագա ընդլայնման, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում ռազմավարական համատեղ նախագծերի իրականացման հարցում։
Հիշեցնենք` մայիսի 11-ի գիշերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կքննարկի Ստամբուլում Ուկրաինայի հետ ուղիղ բանակցություններ անցկացնելու հնարավորությունը:
Ռուսաստանի առաջնորդը նաև առաջարկեց, որ Կիևը, անկախ ամեն ինչից, մայիսի 15-ին վերսկսի Ստամբուլում ուղիղ բանակցությունները՝ առանց որևէ նախապայմանի: Նա նշեց, որ Կիևը ընդհանրապես չի արձագանքել Հաղթանակի 80-ամյակի ժամանակ կրակը դադարեցնելու Ռուսաստանի առաջարկին: Ռուսաստանի նախագահը չբացառեց, որ Ուկրաինայի հետ բանակցությունների ընթացքում կարող է հրադադար կնքվել: Նա հավելեց, որ Ռուսաստանի առաջարկը, «ինչպես ասում են՝ սեղանին է», որոշումը Կիևինն է ու նրան ուղղորդողներինը: