ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի կողմից Խերսոնի մարզի հրետակոծության հետևանքով զոհվել է մեկ կին և երկու տղամարդ, հայտարարել է մարզպետ Վլադիմիր Սալդոն։
«Վերջին 24 ժամվա ընթացքում Կիևի ագրեսիայի հետևանքով զոհվել է երկու քաղաքացիական անձ. Նովոֆեդորովկա գյուղում՝ 1978 թվականին ծնված տղամարդ, Ռիբալչե գյուղում՝ 1961 թվականին ծնված կին։ Նովայա Կախովկա քաղաքային շրջանում արկի բեկորները խլել են 1952 թվականին ծնված տղամարդու կյանքը», - գրել է Սալդոն իր Telegram ալիքում։
Նա նաև նշել է, որ մի քանի բնակավայրերում գրանցվել են ավերածություններ։
«Դնեպրյանի քաղաքային տիպի բնակավայրում ամբողջությամբ այրվել է 120 քառակուսի մետր մակերեսով չօգտագործվող բնակելի շենքը։ Չապլինկա քաղաքային տիպի բնակավայրում ոչնչացվել է մարդատար վագոն։ Մալայա Լեպետիխա գյուղում (Վելիկոլեպետիխսկի մարզ) վնասվել են բնակելի շենքի տանիքը և պատուհանները, իսկ մեկ այլ տուն ավերվել է», - տեղեկացրել է նա։
Մարզպետը մանրամասնել է, որ ընդամենը 24 ժամվա ընթացքում թշնամին արձակել է 38 արկ։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։