ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Հռոմի պապ Լևոն XIV–ն իր առաջին քարոզում կոչ է արել Ուկրաինայում տևական և իրական խաղաղության հասնել։ Տեղեկություն հայտնում է «Վատիկաննյուզը»:
Դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին՝ նա կրկնել է իր նախորդի՝ Ֆրանցիսկոս պապի խաղաղության կոչը։
Պոնտիֆիկոսը կարծում է, որ աշխարհն այսօր փաստացի գտնվում է երրորդ համաշխարհային պատերազմի շեմին։ Այդ առումով նա հիշեցրել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքում զոհվել է 60 մլն մարդ։
Լևոն XIV–ը ուկրաինական հակամարտության համատեքստում կոչ է արել ջանքեր գործադրել իրական, արդար և հարատև խաղաղության շուտափույթ հասնելու համար:
«Թող բոլոր գերիներն ազատ արձակվեն, իսկ երեխաները վերադառնան իրենց ընտանիքներ»,– ասել է նա:
Նա նաև անդրադարձել է Գազայի հատվածում շարունակվող հումանիտար աղետին: Պոնտիֆիկոսը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները, մարդասիրական օգնություն ցուցաբերել և ազատ արձակել գերիներին։
Հռոմի պապն անդրադարձել է նաև Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի մասին հայտարարությանը: Նա հույս ունի, որ Իսլամաբադի և Դելիի միջև ամուր համաձայնություն ձեռք կբերվի։