ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի — Sputnik. Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտարարում է, որ Իրանի չորս քաղաքացի անցել են Խուդաֆերինի կամրջի (կամուրջի Իրանի և օկուպացված Արցախի սահմանին է) վրայով և հայտնվել ադրբեջանական տարածքում՝ կամրջի հենակետում, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ առավոտյան ժամը 4-ի սահմաններում։ Ադրբեջանական սահմանապահ ծառայությունը հայտնել է «Խուդաֆերինի կամրջի ուղղությամբ անհայտ անձանց կասկածելի տեղաշարժի մասին»: Նշվում է, որ գիշերային տեսադաշտում հայտնված անձինք կամրջի հենակետում հողային աշխատանքներ են իրականացրել:
Հայտնաբերումից հետո, ըստ ադրբեջանական կողմի հայտարարության, նրանցից երեքը հետ են գնացել, սակայն ձերբակալվել են ԻԻՀ տարածքում, իսկ մեկը նետվել է Արաքս գետը։
Իրանական կողմի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ձերբակալվածները Իրանի քաղաքացիներ են։
Հրապարակման մեջ նշվում է, որ երկու կողմերն էլ որոնում են գետն ընկած քաղաքացուն։ Այս պահի դրությամբ իրանական կողմից որևէ արձագանք չի եղել։