ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի - Sputnik. Չնայած հրադադարի ռեժիմի հայտարարմանը, Ուկրաինայի զինված ուժերի կազմավորումները չեն դադարեցրել ռուսական զորքերի դեմ ռազմական գործողությունները։ Նրանք ձեռնարկել են Կուրսկի և Բելգորոդի մարզերում Ռուսաստանի պետական սահմանը ճեղքելու 4 փորձ, ինչպես նաև 22 հարձակում և մեկ «մարտով հետախուզություն»։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ ռուսական զինված ուժերի հենակետերի նկատմամբ շփման գծի ողջ երկայնքով Ուկրաինայի զինված ուժերն իրականացրել են 2669 հրետակոծություն, ինչպես նաև 46 անգամ կիրառել են համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:
Դրանից բացի, իրականացվել է ԱԹՍ-ներից 6562 հարված և զինամթերքի նետում։ Ընդհանուր առմամբ արձանագրվել է հրադադարի ռեժիմի 9318 խախտում։
«Այս պայմաններում ՌԴ ԶՈւ-ն հայելային է արձագանքում զինադադարի ռեժիմի խախտումներին», - ասվում է պաշտպանական գերատեսչության ամփոփագրում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ նախագահ, երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի որոշմամբ, ելնելով մարդասիրական նկատառումներից, Հաղթանակի 80-ամյակի օրերին՝ մայիսի 7-ի լույս 8-ի գիշերվա ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ի լույս 11-ի ժամը 00:00-ն ռուսական կողմը հայտարարում է հրադադար:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ զինված ուժերը դադարեցրել են ռազմական գործողությունները և նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած հրադադարի ժամանակ, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին, մնացել են հատուկ ռազմական գործողության գոտու՝ նախկինում զբաղեցրած բնագծերում և դիրքերում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։