ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Հաղթանակի գործում իր ներդրումն է ունեցել նաև հայ ժողովուրդը` Խորհրդային Միության, արևմտյան դաշնակցային բանակներում և ընդհատակյա դիմադրական խմբերում: Մեծ հաղթանակի 80–ամյակի առթիվ հղած շնորհավորական ուղերձում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ Համաշխարհային երկրորդ պատերազմում հաղթել են Խորհրդային Միությունն ու արևմտյան դաշնակիցները։
«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր այդ բոլոր հայրենակիցներին։ Այս օրն աշխարհը նաև առերեսվում է նացիզմի, ֆաշիզմի, տոտալիտարիզմի և նրա բոլոր դրսևորումների վտանգավորության հետ, որը հակոտնյա է անհատի, ժողովրդի, պետության ազատության և երջանկության հետ, որի առանցքային նպատակը գերիշխելը, պատերազմներ հրահրելն ու ազատությունները սահմանափակելն է»,– ընդգծել է նա։
Վարչապետի խոսքով` Հայաստանի Հանրապետությունն այսօր գնում է այլ` ազատության, ժողովրդավարության, խաղաղության ճանապարհով, որը լիարժեք անցնելու և անշրջելի հանգրվանի հասնելու համար անհրաժեշտ է համոզվածություն, հավատ, շրջահայացություն և հետևողականություն։
Շնորհավորական իր ուղերձում նա կրկին անդրադարձել է իրական Հայաստանի գաղափարախոսության` նշելով, որ այն մեր պատմությունն ընթերցելու և վերընթերցելու արդյունք է, որի ուղերձում ասվում է` մի գնացեք իմ ճանապարհով, այլ կենտրոնացեք մեր երազանքների երկրում` Հայաստանի Հանրապետությունում ազատություն, երջանկություն, բարեկեցություն կառուցելու, և այդ երջանիկ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու խնդրի վրա։
«Այսօր մենք ունենք այդ հնարավորությունը և պարտավոր ենք իրացնել այդ հնարավորությունը։ Այսօր մենք ունենք նաև մեր տարածաշրջանի խաղաղ ու բարեկեցիկ ապագայի գործում մեր բաժին ներդրումն ունենալու հնարավորություն. Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, ու մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Մեր տարածաշրջանը վաստակել է խաղաղության ու բարեկեցության մեջ ապրելու իրավունքը և այդպես էլ պետք է լինի»,– հայտարարել է Փաշինյանը։
Նրա վստահեցմամբ` ի հեճուկս բոլոր ներքին և արտաքին սադրանքների` Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։
Նշենք, որ այսօր` մայիսի 9-ին, լրանում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։ Այս առիթով մի շարք երկրներում կանցկացվեն տոնական միջոցառումներ։ Հաղթանակի շքերթը տեղի կունենա Մոսկվայի Կարմիր հրապարակում, որին կմասնակցեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայկական ԽՍՀ-ից մոտ 300 հազար մարդ է մեկնել Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատ, դա կազմում էր բնակչության ավելի քան 20 տոկոսը։ Ավելի քան 200 հազար հայեր էլ այլ հանրապետություններից են զորակոչվել ռազմաճակատ։
Հայաստանը տվել է ԽՍՀՄ 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։
Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հազար հայ զինվոր։
Հավելենք, որ Հայրենական մեծ պատերազմի վետերաններից այսօր ողջ են 31–ը։