ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է գնացել, քանի որ դեռ լավ չի կողմնորոշվում, թե ուկրաինական ճգնաժամն ինչպես է ավարտվելու։ Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Հենց հասկանա, որ ուկրաինական ճգնաժամն ավարտվելու է Ռուսաստանի հաղթանակով, ականատես կլինենք «Լադիմիր Լադիմիրովիչ, спасибо»-ների շարքին։ Հենց, Աստված չանի, Ռուսաստանն անհաջողության մատնվի, որի հեռանկարը գրեթե զրոյական է, էն ժամանակ էլի կխոսի հակառուսականությունից»,- ասաց Շարմազանովը։
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը դասական առումով թուրքամետ գործիչ է և տարածաշրջանում սպասարկում է Թուրքիայի շահերը։ Շարմանզանովի խոսքով` նա Հայաստանը դարձրեց թուրքական շահերի սպասարկման վայր, երբ Թեջեփ Թայիփ Էրդողանի գիրքը վերցրեց ձեռքն ու սեղմեց կրծքին։
«Նրա նպատակը եղել է ոչ թե Արևմուտք գնալը, այլ ռուսական ազդեցությունն այստեղ թուլացնելն ու դրա փոխարեն բերել թուրքական ազդեցություն»,- նշեց Շարմազանովը։
Նրա կարծիքով՝ ինչքան որ Փաշինյանը վնաս է հասցրել հայ-ռուսական հարաբերություններին, մեկ էլ այդքան վնաս հասցրել է Արցախին ու Հայաստանին։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է մեկնել մայիսի 8-ին։ Նա երեկ ներկա է եղել ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինի անունից տրված պաշտոնական ճաշին։ Այսօր Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին: Զորահանդեսից հետո երկրների առաջնորդները ծաղիկներ են խոնարհել անհայտ զինվորի հուշահամալիրին: