ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. Ռուսաստանը և Չինաստանը կշարունակեն ջանքերը ԵԱՏՄ-ի և «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների համակցման ուղղությամբ: Այս մասին ռուս-չինական բանակցություններից հետո հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Կշարունակենք ԵԱՏՄ ինտեգրացիոն գործընթացների և չինական «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության համակցման ուղղությամբ աշխատանքները՝ եվրասիական մեծ գործընկերության ձևավորման հեռանկարով», - ասել է Ռուսաստանի նախագահը:
Նա նաև նշել է, որ Մոսկվան և Պեկինը արդյունավետ փոխգործակցում են ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի շրջանակներում՝ ընդգծելով, որ Ռուսաստանը պաշտպանում է Շանհայի համագործակցության կազմակերպությունում չինական նախագահության առաջնահերթությունները:
Հանդիպման արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, մասնավորապես՝ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հետագա խորացման մասին և գլոբալ ռազմավարական կայունության վերաբերյալ համատեղ հայտարարություններ, ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր, կենսաբանական անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման մասին հուշագիր, միջազգային իրավունքի հեղինակության պահպանման նպատակով համագործակցության մասին համատեղ հռչակագիր:
Նշենք, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը այսօր այցով ժամանել է ՌԴ–ի մայրաքաղաք և բանակցություններ վարել նախագահ Պուտինի հետ: