ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերի կողմից խստորեն պահպանվում է հրադադարի ռեժիմը. ռուսական զորքերի «Կենտրոն» խմբավորման ստորաբաժանումները Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Տրոիցկոյե բնակավայրը գրավել են մինչև զինադադարի մեկնարկը: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Ռազմական գերատեսչության տվյալներով՝ չնայած հրադադարի հայտարարմանը, Ուկրաինայի Զինված ուժերը չեն դադարեցրել ռազմական գործողությունները ռուսական զորքերի դեմ: Նշվում է, որ զինադադարը մեկնարկելուց ի վեր Ուկրաինայի զինված ուժերի կողմից գրանցվել է կրակի դադարեցման ռեժիմի 488 խախտում:
Ավելին` ուկրաինական զինված կազմավորումները, ըստ ՌԴ ՊՆ-ի, Կուրսկի մարզի պետական սահմանի հատվածով ճեղքման երկու փորձ են ձեռնարկել, իսկ ԴԺՀ-ի Ձերժինսկի շրջանում՝ 1 գրոհ։
«Ռուսաստանի նկատմամբ ուկրաինական կողմի կանխամտածված ապակառուցողական գործողությունները հաստատում են Կիևի ռեժիմի ձգտումը՝ թույլ չտալ խաղաղ ճանապարհով ուկրաինական հակամարտության կարգավորումը։ Այս պայմաններում ՌԴ ԶՈւ-ն հայելային է արձագանքում զինադադարի ռեժիմի խախտումներին և հետագայում գործելու է ստեղծված իրավիճակին համարժեք՝ պատասխանելով Կիևի ռեժիմի բոլոր հանցավոր ոտնձգություններին», - ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ զինված ուժերը դադարեցրել են ռազմական գործողությունները և նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարած հրադադարի ժամանակ, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին, մնացել են հատուկ ռազմական գործողության գոտու՝ նախկինում զբաղեցրած բնագծերում և դիրքերում:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։