ՌԴ–ն և Չինաստանը զարգացնում են կապերն ի բարօրություն ժողովրդի, ոչ թե այլ երկրների դեմ

Պատերազմի դաժան տարիներին ձևավորված ՌԴ–ի և Չինաստանի ժողովուրդների մարտական եղբայրությունը Մոսկվայի և Պեկինի ժամանակակից հարաբերությունների հիմքերից մեկն է, նշել է Ռուսաստանի ղեկավարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Ռուսաստանը և Չինաստանը զարգացնում են կապերն ի բարօրություն ժողովրդի և ոչ այլ երկրների դեմ։ Այս մասին Կրեմլում Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Այն դաժան պատերազմական տարիներին մեր ժողովուրդների միջև ձևավորված մարտական եղբայրությունը ժամանակակից ռուս-չինական հարաբերությունների, համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հիմքերից մեկն է։ Մենք մեր կապերը զարգացնում ենք ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների և ոչ թե որևէ մեկի դեմ», – բանակցությունների ժամանակ ասել է Պուտինը։
ՌԴ առաջնորդը փաստել է, որ Մոսկվայի և Պեկինի հարաբերությունները փոխշահավետ և հավասարազոր են։
«Մեր հարաբերությունները հավասարազոր, փոխշահավետ և ոչ պատեհապաշտական բնույթ են կրում։ Բարիդրացիական հարաբերություններ կառուցելու, բարեկամությունն ամրապնդելու և համագործակցությունը ընդլայնելու մտադրությունը Ռուսաստանի և Չինաստանի ընտրությունն է՝ հիմնված ռազմավարական փոխգործակցության վրա», – ասել է Պուտինը նեղ կազմով բանակցությունների ժամանակ։
Ինչպես նշել է Ռուսաստանի ղեկավարը, ՌԴ–ի և Չինաստանի կառավարությունները աշխատում են երկկողմ համաձայնագրերի իրականացման ուղղությամբ։
«Եվս մեկ անգամ կցանկանայի նշել, որ մեր կառավարությունները, նախարարություններն ու գերատեսչությունները բազմակողմ մեխանիզմի շրջանակներում կանոնավոր հանդիպումների ժամանակ աշխատում են գործնական համաձայնությունների ողջ շարքը կյանքի կոչելու ուղղությամբ։ Դրանց թվում է մինչև 2030 թվականը տնտեսական համագործակցության ընդլայնված ծրագիրը», - ասել է Պուտինը ռուս-չինական բանակցությունների ժամանակ։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ Սի Ծինփինի այցը Մոսկվա մեծ նշանակություն ունի Ռուսաստանի համար։
«Հարգելի պարոն նախագահ, սիրելի բարեկամ, ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ այսօրվա այցի համար։ Մեզ համար սա մեծ նշանակություն ունի», – ասել է Պուտինը։
Պուտինն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել. ինչ է քննարկվել
Նա նաև տեղեկացրել է Չինաստանի նախագահին, որ պատրաստ է կրկին պաշտոնական այցով լինել Պեկինում։
«Շնորհակալ եմ ձեզ՝ միլիտարիստական ​​Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակին և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին նվիրված հանդիսավոր միջոցառումներին հրավիրելու համար։ Ուրախ կլինեմ այդ օրվան նվիրված պաշտոնական այցով կրկին այցելել բարեկամական Չինաստան», - ասել է Ռուսաստանի նախագահը։
Սի Ծինփինը, որը Ռուսաստան է ժամանել մայիսի 7-ին, մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կայանալիք Հաղթանակի շքերթի գլխավոր օտարերկրյա հյուրերից մեկը կլինի։ Մոսկվան ակնկալում է, որ Հաղթանակի հոբելյանական օրվա շքերթին ներկա կգտնվեն 27 օտարերկրյա առաջնորդներ։