ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում և վարչությունում բավականին լուրջ փոփոխություններ են սպասվում: ՔՊ-ամերձ աղբյուրները «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել կուսակցության վարչության կազմը` «ափդեյթ անել» թիմակիցներին, որպեսզի նոր դեմքով մասնակցի 2026 թվականի ընտրություններին:
Ու դա է պատճատը, որ որոշել է ՔՊ վարչության նիստերի ժամանակ անդամների հետ քննարկել ՔՊ-ականների վարքը, նրանց հետ կապված տարբեր շահարկումներ, կոռուպցիայի մեջ լինելու տարբեր հայտարարություններ:
«Փաշինյանն այլևս նպատակ չունի աշխատել երբեմնի ամենասիրելի Արփի Դավոյանի, Լուսինե Բադալյանի, Անդրանիկ Քոչարյանի հետ, թիրախում են նաև Հայկ Սարգսյանն ու նրա երբայրը` Նաիրի Սարգսյանը, ով Փաշինյանի օգնականն է եղել, Էդուարդ Աղաջանյանը, Կարեն Սարուխանյանը և ոչինչ չասող շատ այլ կերպարներ, որոնց ՕԳԳ-ն Փաշինյանը ցածր է գնահատում: Ու այս շարքերը դեռևս համալրվելու են, քանի որ հիմա Փաշինյանն ուշիուշով հետևում է իր թիմակիցների վարքուբարքին»,-գրում է պարբերականը։
«Հրապարակն» էլ գրում է, որ ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են, խմբակցության գրեթե բոլոր ակտիվիստ կանայք հավակնում են ՔՊ վարչության անդամ ընտրվելուն։ Սեպտեմբերին նշանակված կուսակցության համագումարում նաև նոր վարչություն է ընտրվելու: Եվ ՔՊ-ում որոշում է ընդունվել, որ ապագա վարչության կազմում ամեն երրորդը կին է լինելու։
«Գործող վարչությունը 16 հոգանոց է։ Վարչության անդամի պաշտոնին են հավակնում Արուսյակ Ջուլհակյանը, Նվարդ Վարդանյանը, Հասմիկ Հակոբյանը, Արուսյակ Մանավազյանը, այլք»,-գրում է թերթը։
Ըստ պարբերականի՝ համապետական ընտրություններից առաջ վարչության անդամատոմսը կանաչ լույս է վառելու ԱԺ նախընտրական ցուցակում բարձր տեղ զբաղեցնելու համար ևս: